ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Աֆղանստան մի քանի հազար լրացուցիչ զինծառայողներ ուղարկելու հնարավորությունը՝ թալիբների հետ պայքարում տեղի իշխանություններին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպումից հետո հայտարարել է դաշինքի գլխավոր քրատուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է RFI-ին։
«Մենք մեր ռազմական ղեկավարությունից զինծառայողների թիվը մեծացնելու հարցում ենք ստացել։ Մենք քննարկում ենք այդ հնարավորությունը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Յենս Սթոլթենբերգն ընդգծել է, որ խոսքը տեղացի զինծառայողների նախապատրաստության մասին է՝ ահաբեկչության դեմ պայքարում։ ՆԱՏՕ-ի ղեկավարը նման առաքելությունն անվանել է լավագույն պատասխան ստեղծված իրադրությունում։
Նա հավելել է, որ որոշումն այն մասին, թե «ինչպիսի մակարդակով եւ ինչպիսի առաքելությամբ» կարող են զինծառայողներն Աֆղնաստան ուղարկվել, կընդունվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Հարցը կքննարկվի մայիսի 25-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։




























