ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ) հատուկ բաժին է ստեղծվել, որը կզբաղվի ԿԺԴՀ-ի կողմից «սպառնալիքը գնահատելով»։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն։ Բաժինը կվերլուծի բալիստիկ հրթիռների ու միջուկային զենքի վտանգավորության աստիճանը, որը մշակում է Փհենյանը, հաղորդում է DW-ն։
ԱՄՆ-ում սա առաջին հետախուզական ստորաբաժանումն է, որը զբաղվում է միայն մեկ երկրով։ Դրա աշխատանքում կներգրավվեն ԿՀՎ-ի տարբեր բաժինների աշխատակիցներ։
Մայիսի սկզբին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մտահոգություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ի ատոմային ծրագրի մշակումն իսկապես ընթանում է այնպես, ինչպես պնդում է Փհենյանը։ Հյուսիսային Կորեան դեռ 2009 թվականին երկրից արտաքսել է ԱԷՄԳ տեսուչներին, այդ պատճառով էլ գործակալության փորձագետները Փհենյանի գործողություններին հետեւում են արբանյակային լուսանկարների միջոցով։ Իսկ հյուսիսկորեական իշխանությունները հայտարարել են նոր միջուկային փորձարկումներին պատրաստականության մասին։




























