Ավստրիայում քաղաքական ապաստան տրամադրելու հայց ներկայացրած ներգաղթյալը ցմահ ազատազրկման է դատապարտվել Սիրիայում 20 մարդու սպանության համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

27-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել Հոմսում ընթացած մարտից հետո անզեն կամ վիրավոր զինվորներին գնդակահարելու մեջ:

Ներգաղթյալը, ում անունը չի հաղորդվում, բոլոր մեղադրանքները ժխտել է: Նա կալանավորվել է հունիսին՝ Ավստրիայի արեւմուտքում:

Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Ավստրիայում քննվում է Սիրիայում ռազմական հանցագործությունների դեպք:

Քննությունը սկսվել է դեռեւս անցյալ տարի, երբ իշխանությունները տեղեկացել են ներգաղթյալի անցյալի մասին:

Ավստրիական լրատվամիջոցները գրում են, որ տղամարդն ինքն է փախստականների ավստրիական կենտրոնի իր հարեւաններին պատմել, որ մարտնչել է իսլամական ապստամբական խմբավորման կազմում, որը կապ ունի «Ազատ սիրիական բանակի»  հետ, եւ սպանել է կառավարական զորքերի զինվորներին:

Փաստաբանները պնդել են, որ նրա պատմածը սխալ է թարգմանվել: Նրանք մտադիր են դատավճիռը բողոքարկել:

Der Standard պարբերականի տեղեկություններով՝ խոսքը քաղաքացիություն չունեցող պաղեստինցու մասին է, որը մեծացել է Հոմսի փախստականների ճամբարում:

Չնայած մեղադրյալը Ավստրիայի քաղաքացի չէ եւ հանցագործություններն այս երկրի տարածքում չի կատարել, նրան անհնար է Սիրիային արտահանձնել այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:

Անզեն կամ վիրավոր զինվորներին սպանելը Ժնեւի կոնվենցիայով արգելված է: