ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է դաշինքի՝ պաշտպանության ծախսերը մեծացնելու ծրագրերի մասին։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն կշարունակի ձգտել մինչեւ ՀՆԱ 2  տոկոս պաշտպանության ծախսերի աճի։ Այդ թիվը չի փոխվի։ Քննարկվում են միայն այդ պարտականության կատարման միջոցները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դաշինքի գլխավոր քարտուղարին։

«Մենք (ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին) մայիսի 25-ին չենք պատրաստվում քննարկել պարտականությունների փոփոխությունները, նրանք կմնան 2014 թվականի մակարդակի վրա։ Մենք կքննարկենք՝ ինչպես կատարել խոստումները», - Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սթոլթենբերգը։

Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում, քննարկում է ռազմական ծախսերի ընդլայնման ազգային ծրագրեր կազմելու հնարավորությունը, մարտական պոտենցիալի աճը եւ ՆԱՏՕ-ի գործողություններում դաշնակիցների ներդրումները։