Երեւանի քաղաքապետարանը երկար տարիներ զբաղվել է քաղաքային առողջապահությամբ, բայց հատկապես վերջին 5-6 տարիներին այն ընդգծված է անում: Այս մասին մայիսի 11-ին հայտարարեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը՝ ելույթ ունենալով «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նիստում:

Նրա խոսքով՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը դադարեցրեց մայրաքաղաքի կենտրոնում անվերահսկելի շինարարությունը: «Մենք բոլոս դա տեսնում ենք: Քաղաքն ավելի մաքուր է դարձել: Բարելավվել է վերելակային տնտեսության, քաղաքային տրանսպորտի վիճակը: Սակայն դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնք հատուկ են հատկապես մեծ քաղաքներին: Մեր քաղաքային տնտեսությունը մշտապես ուշադրության կենտրոնում է եղել: Վերջին շրջանում Երեւանի, Երեւանի բնակչի նկատմամբ այդ ուշադրությունը մեծացել է»,- նշեց Մինասյանը:

Բժիշկն ընդգծեց, որ շտապ օգնության ծառայությունն անճանաչելի է դարձել՝ լավացել է մեքենաների վիճակը եւ այլն: «Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքի պոլիկլինիկաներին մշտապես օգնություն է հատկացվում: Երեւանի քաղաքապետը ուշադրության կենտրոնում է պահում  պետական պատվերը՝ աչքի առաջ են վիրահատությունները, գինեկոլոգիական վիրահատությունները: Հազարավոր մարդիկ բոլոր հիվանդանոցներում բուժում են ստանում քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետի հսկողությամբ»,- հավելեց Արա Մինասյանը: