Եկամտահարկ վճարողները կարող են ծախսերը հիմնավորել դրամարկղային անդորրագրերով, սակայն՝ միայն նոր սերնդի: Մայիսի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նոր սարքերի անդորրագրերի վրա հնարավոր է նշել գործարքի մյուս կողմը: Հին սարքերը նման հնարավորություն չունեն: Իսկ հարկային դուրսգրում կարելի է ստանալ միայն երկկողմանի փաստաթղթերով, պարզաբանեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ շրջանառության հարկը գործում է տարեկան մինչեւ 115 մլն դրամ շրջանառությամբ ձեռնարկությունների համար (2019 թվականին շեմը կնվազի մինչեւ 40 մլն դրամ): Այն վճարում են շրջանառության 5 տոկոս տոկոսադրույքով, սակայն երկկողմանի հաշիվ-ապրանքագրերով հնարավոր կլինի դուրսգրում կատարել եւ հարկը մինչեւ 1,5 տոկոս նվազեցնել: Խոշոր բիզնեսն այս սարքերն արդեն տեղադրել է, իսկ փոքր բիզնեսը (մինչեւ 10 մլն դրամ շրջանառությամբ՝ 20 հազար դոլարից փոքր-ինչ ավելի) պետք է տեղադրի մինչեւ 2018 թվականը:

Նոր սերնդի սարքերը ուղիղ միացված են հարկային ծառայության սերվերներին, որտեղ իրատեսական ժամանակում փոխանցում են առեւտրային գործարքների տվյալները: Նոր սարքեր պետք է տեղադրվեն առեւտրի 25 հազար սուբյեկտների մոտ: Որպես փոքր բիզնեսին աջակցություն կառավարությունը սուբսիդավորում է արժեքի մի մասը, իսկ սահմանամերձ գյուղերում ձեռնարկություններն այն անվճար կստանան: Այսպիսով՝ փոքր խանութները եւ արտադրամասերը, որոնց սեփականատերերը դեռեւս նոր սարքերը չեն գնել, առայժմ չեն կարող դուրսգրման անդորրագրեր օգտագործել: