Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 11-ին, դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու ու փաստաբան Էլզա Զաքարյանի կողմից կաշառքի միջնորդություն կատարելու գործով դատական նիստն հերթական անգամ հետաձգվեց:

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հաղորդում է, որ Իշխան Բարսեղյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան:

Դատարանը որոշում կայացրեց դատական սանկցիա կիրառել Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Վլադիմիր Գրիգորյանի, Լիանա Գրիգորյանի եւ Արա Ղազարյանի նկատմամբ, որոնք արդեն մի քանի անգամ չեն ներկայանում դատարան` առանց պատճառաբանություն ներկայացնելու: Դատարանը կդիմի ՀՀ փաստաբանների պալատ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին:

Դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: