Գերմանիայի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բունդեսվերի արմատական տրամադրված զինվորականների շուրջ բորբոքված սկանդալը հրաժարականի առիթ չի համարում։ Այս մասիսն նա հայտնել է Stern թերթին տված հարցազրույցում։
«Պահը դեռ չի եկել։ Հիմա ինձ համար մարտահրավեր է միջադեպի հետաքննությունը»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք նա մտադիր է հրաժարական տալ։
Ֆոն Լյայենի խոսքով, Գերմանիայի ՊՆ-ն պետք է զինված ուժերում գործարկի կրթական ու դաստիարակչական բարեփոխում, որպեսզի նվազագույնի հասցնի Բունդեսվերի շարքերում աջ արմատական ծայրահեղականների հայտնվելու վտանգը։
Ապրիլի 27-ին հայտնի է դարձել, որ գերմանական բանակի կադրային զինծառայողը երկար տարիներ փախստական է ձեւացել։ Նա աջ արմատական հայացքների տեր էր ու դատախազության վարկածով իր հանցակիցների հետ միասին ծրագրում էր ահաբեկչություն Գերմանիայի տարածքում, նպատակ ունենալով պատասխանատվությունը բարդել փախստականների վրա՝ դրանով իսկ նրանց դեմ հակակրանք հրահրելով։
Բացի դրանից Բունդեսվերի կայազորերից մեկում գտել էին Երրորդ ռեյխի ժամանակների մետաղական սաղավարտներով ու նացիստական խորհրդանիշներով ցուցափեղկ։




























