Անհասկանալի է դպրոցների օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այդ սեւեռուն գաղափարը: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով դպրոցների օպտիմիալացման կառավարության ծրագրին:
«Ես ուղղակի չեմ հասկանում դպրոցների օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այդ սեւեռուն գաղափարը: Երեւանում օպտիմալացրեք, որտեղ մարզերից ժողովուրդը լցվել է եւ Երեւանում երեխաների թիվը չի պակասում, իսկ մարզերը դատարկվում են, վարչապետի հանձնարարությունը չափազանց մտահոգիչ է: Եթե գյուղը դպրոց չունեցավ ոչ մի մարդ չի մնա այնտեղ, փոխանակ մտածեն՝ ոնց զարգացնեն գյուղը, ոնց մարդիկ կապվեն հողին, մտածում են դպրոցը փակեն, սրանից ավելի մեծ վնաս չկա»,-ասել է Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը նաեւ անդրադարձել է կրթական համակարգի քաղաքականացմանը: Նա նշել է, որ պետք է ապաքաղաքականացվեն բոլոր դպրոցները եւ արգելլվի դպրոցի տնօրեններին զբաղվել որեւէ քաղաքական գործունեությամբ:




























