2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին ներման խնդրագրով դիմել է 362 դատապարտյալ, որոնցից 30-ին նախագահը ներում է շնորհել։ Այս մասին, Yerkir.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նշվել է, որ հիշյալ 30 անձինք դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք դատապարտված են եղել հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։
Ենթադրվում է, որ հիշյալ 11 դատապարտյալների թվում է նաև «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին Երեւանի կենտրոնում՝ «Վերնիսաժի» տարածքում, կրակոցներ էին հնչել: Մասնավորապես, Գոռ Առաքելյանը ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով վեճի էր բռնվել Վալերիկ Հովհաննիսյանի ու Ներսես Մելքոնյանի հետ եւ անկանոն կրակ բացել նրանց ուղղությամբ, ինչպես նաեւ վիրավորել պատահական անցորդների:
Առաջին ատյանի դատարանը Գոռ Առաքելյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 6.5 տարվա ազատազրկման: Փաստացի, Յուվեցի Կարոյի փեսան կալանավայրում անցկացրել է մոտ 3 տարի:



























