Մայիսի 13-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն ու նրա տեղակալ Ռոդ Ռոզնսթինը առաջին հարցազրույցը կանցկացնեն` աշխատանքից հեռացված ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին փոխարինող գտնելու համար, հաղորդում BBC-ն:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով` Վաշինգտոնը Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է 11 թեկնածություն:

Մայիսի 13-ին հարցազրույց կանցկացվի այդ պաշտոնի չորս թեկնածուների հետ: Նրանց  թվում է նաեւ ՀԴԲ տնօրենի պաշտոնակատար, Ջեյմս Քոմիի նախկին տեղակալ Էնդրյու Մակքեյբը:

Քոմիի` աշխատանքից հեռացվելուց հետո, Մակքեյբը Սենատի կոմիտեում իր ելույթում հերքել է Սպիտակ տան պնդումներն այն մասին, թե նախկին տնօրենն իբր կորցրել է իր ենթակաների վստահությունը:

Հարցազրույցի է հրավիրվել նաեւ Թեքսաս նահանգից հանրապետական սենատոր Ջոն Քորնին, ով 1990-ականների վերջին զբաղեցնում էր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: 

Երկու այլ թեկնածուներն են իրավաբան Էլիս Ֆիշերը եւ Նյու Յորքի Վճռաբեկ դատարանի դատավոր Մայքլ Գարսիան: