Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ը տեղեկանում է Հատուկ Քննչական ծառայությունից:

Քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է iPhone 6s տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու եւ հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար  նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը եւ հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով եւ դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ  քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: