Առաջին զանգվածային գրադարանների հայտնվելուց ի վեր մի խնդիր է առաջացել։ Հին ժամանակներում նման գրադարաններ կային միայն քաղաքներում , այն էլ ոչ բոլորում։ Դրա համար էլ որոշ բնակավայրերի հեռավորությունը ազդում էր գրադարանային ծառայությունների հասանելիության վրա։
Լուծումը բավականին հասարակ էր, բայց արդյունավետ։ Եթե ընթերցողը հեռավորության պատճառով չէր կարողանում գրադարան այցելել, գրադարանն ինքն էր այցելում նրան։ Իհարկե ոչ բոլոր գրքերը, այլ միայն այնքան, որքան հնարավոր էր տեղավորել ձիու կառքի մեջ։ Բնակչությանը գրքերով ապահովելու այս յուրահատուկ մեթոդը առաջացել է 19-րդ դարի կեսերին Մեծ Բրիտանիայում։ Իսկ մեքենաների հայտնվելուց հետո անիվների վրա գրադարանների համար նոր փուլ է սկսվել։
Այնուհետեւ, նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, անիվների վրա գրադարանները սկսեցին աստիճանաբար կորցնել իրենց պոպուլյարությունը։ Բայց ինչ -որ տեղերում դրանք այնուամենայնիվ պահպանվում էին։ Օրինակ Իտալիայում նախկին դպրոցական ուսուցիչը անիվների վրա գրադարան է ստեղծել փոքր բեռնատարի մեջ։ Ռուսաստանում նույնպես կա «Շարժական գրադարան» Վիբորգի շրջանում։ Հետաքրքիր է , որ անիվներով գրադարանները բավականին պոպուլյար է Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկում՝ Գերմանիայում։
Բեռլինի թաղամասերից մեկում ծառի վրա ամրացված է մի աղյուսակ (տես լուսանկարը)։ Դրա վրա գրված է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 16-19-ը, այդ վայրում կլինի գրքերով ավտոբուսը։ Նկատենք, որ անիվներով գրադարանների կանգառները հիմնականում լինում են դպրոցների մոտակայքում։ Դա պատահականություն չէ, քանի որ նման գրադարանների հաճախորդների հիմնական մասը հենց դպրոցականներ են։
Ճիշտ նշված ժամին ժամանող ավտոբուսի շուրջ հավաքվում են դպրոցահասակ երեխաներ՝ շատերը ծնողների ուղեկցությամբ։ Դատելով գրքերը ոգեւորությամբ ուսումնասիրող երեխաների քանակի՝ գրքերի ու գրադարանների դարը, հակառակ մթայլ կանխատեսումներին, դեռ չի ավարտվել։




























