Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան հերթական անգամ խոսել է սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին:
«Ես ցանկանում եմ, որ պետական կարգի փոխվելուց հետո առաջին անգամ լեհերը կարողանան որոշում ընդունել Լեհաստանի հետագա սահմանադրական կարգի վերաբերյալ» - ասել է Դուդան «wSieci» պարբերականի հետ հարցազրույցում: Նրա կարծիքով` սահմանադրական հանրաքվեն կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա նոյեմբերի 11-ին: Նա կարծում է, որ կարելի է ընտրել նաեւ դրան մոտ մեկ այլ օր:
Դուդան նաեւ հայտարարել է, որ ինքը կցանկանար փոխել մինչ օրս երկրի սահմանադրության վերաբերյալ մոտեցումը, երբ հիմնական օրենքի տեքստը մշակում են վերնախավի ներկայացուցիչները, եւ միայն դրանից հետո քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում հանրաքվեի ժամանակ իրենց կարծիքն արտահայտել: Ըստ նրա` լեհերը պետք է կարծիք հայտնեն մասնավորապես նախագահի եւ պետական այլ մարմինների լիազորությունների շուրջ:




























