Թուրքիան Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների խմբին թույլ չի տվել այցելել գերմանացի զինվորներին, որոնք տեղակայված են Ինջիրլիքի ռազմաօդային բազայում: Երկուշաբթի՝ մայիսի 15-ին, այս մասին Գերմանիայի ԱԳՆ-ին տեղեկացրել է Բունդեսթագի պաշտպանության հարցերով կոմիտեի խմբակցության ղեկավարը, փոխանցում է DW-ն:
Խորհրդարանական կոմիտեի տեղեկություններով՝ Գերմանիայի կառավարությունը հիմա քննարկում է Ինջիրլիքի բազայից գերմանացի զինվորներին հանելու հարցը, ինչը Գերմանիայի եւ Թուքիայի հարաբերություններում լարվածության նոր գալար կնշանակի:
Ինջիրլիքի բազայում գերմանացի զինվորներին Բունդեսթագի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավարության այցը ծրագրված էր մայիսի 16-ին եւ արդեն մի քանի շաբաթ նախապատրաստվում էր: Թուրքական կողմը տեղի ունեցողին ոչ մի ձեւով չէր արձագանքում եւ միայն շաբաթ օրն է Գերմանիայի ԱԳՆ-ին աշխատանքային մակարդակով տեղեկացրել այս այցը համաձայնեցնելը մերժելու մասին: Անկարան մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Գերմանիան ապաստան է տվել թուրք սպաներին:
Ինջիրլիքի բազայում տեղակայված է մոտ 260 գերմանացի զինվոր: Նրանք օդային աջակցություն են ցուցաբերում Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորման բազաների վրա օդային հարվածներին՝ իրականացնելով օդային հետախուզում եւ օդանավերի լիցքավորում:
Դեռեւս անցյալ տարի Թուրքիան ամիսներ շարունակ Բունդեսթագի պատգամավորներին թույլ չէր տալիս Ինջիրլիքում գերմանացի զինվորներին այցելել, եւ նման այցը թույլ տվեց միայն հոկտեմբերին: Այդ ժամանակ Թուրքիայի դժգոհությունն էր հարուցել; Բունդեսթագի բանաձեւը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվել են հայ ժողովրդի ցեղասպանություն:





























