«27 երկրների՝ այդ թվում Բրիտանիայի ու ԱՄՆ-ի անվտանգության հարցերով մասնագետները կհանդիպեն Պրահայում ՝Արեւմուտքի ընտրությունները ապակայունացնելուն ուղղված Կրեմլի քայլերին հակազդելու ուղիները քննարկելու համար»,- հայտնում է The Guardian-ը։

«Չեխիայի ՆԳՆ-ն հնգօրյա գագաթնաժողով կանցկացնի, որը կազմակերպել է Stratcom-ը, ՆԱՏՕ-ի ռազմավարական կոմունիկացիաների հարցերով ստորաբաժանումը, փորձելով համոզել առանձին պետություններին ու ԵՄ-ին՝ ապահովագրել էլեկտրոնային գործընթացները այն աճող մտավախությունների ֆոնին, որ Պուտինի կառավարությունը կարող է միջամտություն ձեռնարկել»,- գրում է հոդվածագիրը։

«Մի քանի եվրոպական երկրներում, այդ թվում Բրիտանիայում, Գերմանիայում ու Չեխիայում մոտենում է ընտրությունների ժամանակաշրջանը»,- ասվում է հոդվածում։

«Հիմա արեւմտյան երկրները սկսել են դրան ավելի լուրջ վերաբերել, քանի որ նրանք տեսնում են, որ դա վերաբերում է նաեւ իրենց, այլ ոչ թե միայն Ուկրաինային ու Բալթյան երկրներին»,- ասել է Յակուբ Յանդան՝ European Values հետազոտական կենտրոնից, որը գագաթնաժողովի կազմակերպիչներից մեկն է։

«Գերազանցաբար արտաքին քաղաքականության հարցից դա դարձել է ներքին անվտանգության խնդիր»,- շեշտել է Յանդան։ «Զեկույցում, որը ներկայացվելու է գագաթնաժողովում, առաջարկվում է, որ թեկնածուները բացեն ֆիկտիվ էլեկտրոնային փոստի հասցեներ, որպեսզի պաշտպանեն իրենց համակարգչային հարձակումներից։ Զեկույցը նաեւ կոչ է անում իշխանություններին փակել բոլոր օրենսդրական սողանցքները, որոնք հնարավոր են դարձնում թեկնածուների օտարերկրյա ֆինանսավորումը տեղի միջնորդների միջոցով»,- գրում է պարբերականը

«Գագաթնաժողովը կկայանա Չեխիայում իշխանության համար պայքարի ֆոնին՝ երկրի արեւմտամետ վարչապետ, սոցիալ դեմոկրատ Բոգուսլավ Սոբոտկայի ու նախագահ Միլոշ Զեմանի միջեւ, որը շատերի կարծիքով Կրեմլի մոտ դաշնակիցն է ու բազմիցս քննադատել է հակառուսաստանյան պատժամիջոցները»,- նշում է հեղինակը։ «Չեխ վերլուծաբանները կանխատեսում են, որ Մոսկվան նախագահական ընտրություններում կաջակցի Զեմանին»,- ասվում է հոդվածում։