Հենց մարդիկ են Սան Ֆրանցիսկոյին յուրահատուկ կոլորիտ հաղորդում, եւ նման մարդկանցից մեկն էր Ալ (Ալբերտ) Նալբանդյանը, ով օրեր առաջ 95 տարեկանում վախճանվեց Սան Ֆրանցիսկոյում։
Նա ծաղիկների տաղավար ուներ Սթոքթոն եւ Գրին փողոցներում։ Նալբանդյանը 70 տարի շարունակ, ամեն օր ծաղիկներ է վաճառել, հաղորդում է San Francisco Chronicle-ն։
«Նա բոլորին ճանաչում էր, եւ բոլորը ճանաչում էին նրան»,- ասել է նրա վաղեմի ընկեր Էլիս Ղազանչյանը։
«Հայրիկը հին քաղաքի ֆոլկլորի մի մասն էր։ Նա ընտանեկան ծաղկի բիզնեսի մի մասն էր, որը գործում է ավելի քան հարյուր տարի», - նշել է նրա դուստր Լուիզան։
Ալբերտի ծնողները փախել են Արեւմտյան Հայաստանից, 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նրանց երեխաները ծնվել են Սան Ֆրանցիսկոյում։ Ուսանողական տարիներին Ալը սկսեց տարվել թատրոնով, իսկ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո փորձեց հայտնվել Հոլիվուդում։
Դրանից հետո Ալը տաղավար է գնել ու սկսել իր ծաղկի բիզնեսը։ Նա նաեւ հավաքել է հայերեն գրքեր։ Ինչպես նշում է նրա ընկերը՝ նա շատ էր սիրում իր ժողովրդին։
Ալն ավելի քան 20 անգամ եղել է Հայաստանում, երբ այն դեռ Խորհրդային միության կազմում էր։































