Վենեսուելան այլ երկրների տարածքից «երկրի վրա հարձակվող ֆաշիստների» դեմ պայքարող հանձնաժողով է ստեղծում։ Համապատասխան կարգադրությամբ հանդես է եկել երկրի նախագահ Նիկոլաս Մադուորոն՝ երկրի ԱԳ նախարար Դելսի Ռոդրիգեսին հանձնարարելով հանձնաժողով ձեւավորել։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Telesur հեռուստաալիքին։

«Ձեզ հանձնարարում հանձնաժողով ձեւավորել, որպեսզի պատասխանատվության ենթարկենք ֆաշիստներին, ովքեր հարձակվում են Վենեսուելայի վրա Մադրիդից Բոգոտայից, Մայամիից եւ Վաշինգտոնից», - հայտարարել է Մադուրոն։

Նա ԱԳՆ ղեկավարին հանձնարարել է գլխավորել «խաչակրաց արշավանքը»՝ նշելով, որ արեւմտյան երկրներում, հատկապես Եվրոպայում, «շատ խիստ օրենքներ են գործում նրանց նկատմամբ, ովքեր ատելություն են քարոզում»։

Մադուրոն ընդգծել է, որ Վենեսուելայի նկատմամբ ագրեսիվ հարձակումները «գլոբալ քարոզարշավի» մի մասն են, որի հետեւում կանգնած են «ամերիկյան հետախուզությունն ու ԱՄՆ իշխանությունները»։ «Նրանք կապված են աջակողմյան կառավարությունների հետ, որոնք, դժբախտաբար, ինչպես Իսպանիան, ֆաշիստական ագրեսիա են իրականացնում Վենեսուելայի ազնվազարմ ժողովրդի նկատամամբ», - հայտարարել է Մադուրոն։