Այս փուլում Հայաստանի նոր Ազգային ժողովը գործելու է բացառապես 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակով, այսինքն կիսանախագահական կառավարման ձևին բնորոշ լիազորություններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով նոր խորհրդարանի լիազորությունների հարցը:

Հարցին, թե արդյոք նոր խորհրդարանը եւ նոր ձեւավորվելիք կառավարությունը մինչեւ 2018 թվականը ունենալու են նույն լիազորություննե՞րը, եւ այդ տեսանկյունից ինչպե՞ս են «գոյակցելու» նոր կառավարությունն ու ՀՀ նախագահը մինչեւ 2018-ի ապրիլ, երբ նախագահը վայր կդնի լիազորությունները, իրավաբանը պատասխանեց. «Ես համամիտ չեմ, որ Կառավարությունը եւս որեւէ կերպ չի գործելու խորհրդարանական կառավարման ձեւին բնորոշ կարգավիճակով:  Նախ, դեռեւս 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 209-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել էր, որ 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության 83.5. հոդվածը չպետք է գործեր արդեն 2015 թ. դեկտեմբերի 22-ից՝ Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից: Խոսքը բացառապես օրենքով կարգավորման ենթակա հարցերի մասին էր, սակայն Կառավարությունը դեռեւս լիարժեք չի օգտվում այդ իրավական կարգավորումից եւ չի նախատեսում նշված հարաբերությունների (օրինակ՝ մարդու իրավունքների եւ պարտականությունների իրականացման կարգի մասին) կարգավորումը որոշումներով, սակայն դա սոսկ ժամանակի խնդիր է, արմատական փոփոխությունները միշտ չէ, որ անհապաղ արտացոլումն են ստանում իրավակիրառ պրակտիկայում, ինչը պայմանավորված է նաեւ իներցիայի երեւույթով»,-ընդգծեց Գեւորգ Դանիելյանն ու հավելեց. «Որպեսզի ներքին հակասական զարգացումները բացառվեն, Սահմանադրությամբ նաեւ նախատեսվել է, որ Ազգային ժողովը եւս կշարունակի գործել 2005թ. Սահմանադրությամբ նախատեսված կիսանախագահական կառավարման ձեւին բնորոշ լիազորություններով»:

Ինչ վերաբերում է «ուժեղ» վարչապետին, Գեւորգ Դանիելյանն ասաց, որ վարչապետի լայն լիազորությունների առկայությունը կարող էր մտահոգիչ լինել, եթե այն չուղեկցվեր համարժեք զսպող լծակներով, մասնավորապես՝ պատասխանատվության հիմքերով, խորհրդարանի վերահսկողական լայն իրավական հնարավորություններով, կառավարության հաշվետվողականության նոր բաղադրիչների ներդրմամբ եւ, վերջապես, քաղաքական փոքրամասնության կարգավիճակի արմատական բարելավմամբ:

Նրա խոսքով, բոլոր դեպքերում, ընտրված է անցումային շրջանի սահմանադրական կարգավորման ողջամիտ տարբերակ, իսկ վերը նշված օրինակը եւս գալիս է ապացուցելու, որ կտրուկ փոփոխությունները դժվարությամբ են ճանապարհ հարթում, իսկ աստիճանական փուլերը երաշխիք են նոր իրողությունը համարժեք ընկալելու եւ դրան համապատասխան, գործելու համար: