Մոլդովայի Լիբերալ կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ նախագահ Իգոր Դոդոնի իմփիչմենթի համար։ Այս մասին հաղորդել է կուսակցության նախագահ Միհայի Գիմպուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Նախագահի նստավայրի առջեւ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ հունվարին Լիբերալ կուսակցության խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին պաշտոնաթող անելու օրինագիծ են նախապատրաստել, սակայն նախագիծը խորհրդարանում գրանցելու համար բավականաչափ ստորագրություններ չի եղել։

Գիմպուն Դոդոնին մեղադրել է Մերձդնեստրյան Հանրապետությունը ճանաչելու, Մոլդովան դաշնայինացնելու ձգտման մեջ, ինչպես նաեւ այն բանում, որ վերջինը ներկա է եղել մայիսի 9-ին Մոսկվայում, Հաղթանակի շքերթին։