Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քաղաքացիները պահանջել են երկրի նախագահ Միշել Թեմերի իմփիչմենթը: Այ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: 

Jornal Nacional հեռուստաալիքը հաղորդում է, որ հանրահավաքներ են տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե ժանեյրոյում, եւ Սան Պաուլու ֆինանսական մայրաքաղաքում, որտեղ հանրահավաքին 6-ից 8 հազար մարդ է մասնակցել: 

Մայրաքաղաք Բրազիլիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երբ մոտ 400 ցուցարարներ փորձել են մոտենալ նախագահական նստավայրի մուտքին: 

Կազմակերպիչները հայտնել են նաեւ, որ Պորտու Ալեգրե քաղաքում  եւ Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում հանրահավաքներին մոտ 30 հազար մարդ է մասնակցել: Բազմաթիվ մարդիկ են փողոց դուրս եկել նաեւ երկրի այլ քաղաքներում:

Ցուցարարները փողոց դուրս եկան, երբ նախագահ Միշել Թեմերը հայտարարեց, թե մտադիր չէ պաշտոնաթող լինել` նույնիսկ եթե երկրի Գերագույն դատարանը իր նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն սկսելու որոշում ընդունի: