Հայաստանի բնակիչները չեն վստահում Թուրքիային՝ որպես երկրի, եւ թուրքերին:

«Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով Populus  ընկերությունը հարցում է անցկացրել Հայաստանի տարածքում եւ պարզել, որ հայաստանցիների 75 տոկոսը հավանություն է տալիս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ սառեցնել հայ-թուրքական հարաբերությունները այն բանից հետո, երբ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունները:

Այնուամենայնիվ, չնայած Հայաստանի բնակչությունը բավական կասկածանքով է վերաբերում Թուրքիային եւ թուրքերին, մարդիկ կարծում, են, որ հարաբերությունների հաջողված կարգավորումն իսկապես շահավետ կլինի: Հարցվածների ճնշող մեծամասնությունը (78 տոկոս) կարծում է, որ Հայաստանի տնտեսությունը կշահի միջազգային առեւտրից, իսկ բացահայտ մեծամասնությունը կարծում է, որ դա ավելի մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի արտաքին քաղաքականության համար (61 տոկոս), իսկ բաց սահմանը ավելի կմոտեցնի Հայաստանը Եվրոպային (63 տոկոս):

Մեծ կասկած կա այն առավելությունների նկատմամբ, որոնք ի հայտ կգան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում, քանի որ քչերն են համոզված, որ Թուրքիան լավ գործընկեր կդառնա Հայաստանի համար տարածաշրջանային համագործակցության շրջանակներում, կամ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի հավանական կդառնա (75 տոկոս), իսկ հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ բաց սահմանը կբերի թրաֆիքինգի եւ արտագաղթի տարածմանը (71 տոկոս):

Նշենք, որ հարցումը Հայաստանի տարածքում անցկացվել է հոկտեմբերի 15-18-ին, հարցմանը մասնակցել են 1210 մարդ Երեւանում եւ 10 մարզերում, պատահական ընտրանքի եղանակով: