Շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, Վենեսուելայում ընդդեմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ: Միայն Կարակասում 160 հազար ցուցարարների երթը շարժվել է դեպի Ներքին գործերի նախարարություն, շատերն ինքնաշեն պաշտպանական դիմակներով էին, մարդկանց ձեռքերին եղել են վահաններ, մահակներ եւ քարեր՝ պատրաստվելով ոստիկանության հետ հնարավոր բախումներին, փոխանցում է DW-ն: 

Կարակասի կենտրոնում զինվորները բարիկադներ են կառուցել՝ ցուցարարների ճանապարհը խոչընդոտելու համար, փակվել են մետրոյի 10-ից ավելի կայարաններ:

Վենեսուելայում զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 50 օր: «Որքան բռնաճնշումները սաստկանում են, այնքան մեծանում է դիմադրությունը եւ Վենեսուելայի համար պայքարը»,- շաբաթօրյա ցույցից առաջ հայտարարել է ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիկեսը:

Նույն օրը՝ Կարակասի այլ հատվածում ընթացել է նախագահի կողմնակիցների ցույցը:

Բողոքի ակցիաներ եւ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունենում նաեւ երկրի այլ քաղաքներում:

Reuters-ը նշում է, որ բողոքի 50 օրվա ընթացքում Վենեսուելայում արդեն 46 մարդ է զոհվել, որոնց թվում կան ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ ոստիկաններ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Երկիրը տնտեսական խոր ճգնաժամի մեջ է: