Մայիսի 21-ը Մշակութային բազմազանության համաշխարհային օրն է՝ հանուն երկխոսության եւ զարգացման: Այս տարվա ուղերձում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան հայտարարել է, որ XXI դարում մարդկությունը հումանիզմի նոր հայեցակարգի կարիք ունի՝ ուղղված փոխըմբռնման ապահովմանը:
«Բնական բազմազանության նման, առանց որի անհնար է էկոհամակարգերի գոյությունը, մշակութային բազմազանությունը դինամիկ զարգացող հասարակության կենսական էներգիայի աղբյուրն է: Մշակութային բազմազանությունը նոր գաղափարների ծնունդի, հասարակության զարգացման աղբյուրն է, այն հարստացնում է մեր կյանքի զանազան կողմերը եւ նոր հնարավորություններ ստեղծում»,- հայտարարել է Իրինա Բոկովան:
Նա մեջբերում է կատարել Մարտին Լյութեր Քինգ կրտսերից, որն ինչ-որ առիթով ասել է. «Որեւէ մեկ վայրում անարդարության հայտնվելը համընդհանուր սպառնալիք է դառնում: Մեզ թելեր են կապում, որոնք միահյուսվում են միասնական ճակատագրի գործվածքի մեջ»:
«Հետեւելով այս մտքին՝ կարծում եմ, որ XXI դարում մեզ հումանիզմի նոր հայեցակարգ է անհրաժեշտ, որը նոր կյանք կհաղորդի արդարության, փոխըմբռնման եւ արժանապատվության ձգտմանը, որոնք խորապես հատուկ են բոլոր ժողովուրդներին»,- շեշտել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա հայտարարել է, որ մշակության բազմազանության հանդեպ հարգանքը առանցքային դեր ունի միջմշակութային երկխոսությանը, կայուն զարգացմանը եւ խաղաղության ապահովմանը նպաստելու համար:





























