Չինաստանում 5-ամյա տղան, տանը մենակ մնալով, գտել է հոր մի կողմ դրած 50 հազար յուան (7250 դոլար) փողը եւ մանր կտորներով պատառոտել է: Տղամարդը 2 օր փորձել է սոսնձել թղթադրամները բանկում նորով փոխելու համար, սակայն անհաջող փորձերից հետո հանձնվել է, հայտնում է The South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Շանդուն նահանգի Ցինդաո բնակավայրում:

Գործարար Գաոն փողի կտորները բերել է հարեւանությամբ գտնվող բանկ՝ օգնություն խնդրելով, սակայն նրան պատասխանել են, որ փոխելու համար նա պետք է թղթադրամները սոսնձի: Սակայն պարզվել է, որ 100 յուան անվանական արժեքով թղթադրամներն այնքան մանր կտորների էին բաժանված, որ Գաոն չի կարողացել դրանք հավաքել:

«Ես 2 օր փորձեցի դա անել, սակայն կարողացա սոսնձել միայն մի քանի թղթադրամ: Բանն այն է, որ դրանցից մի քանիսը 2 մասի էին բաժանվել, իսկ որոշները՝ մի քանի տասնյակ: Դա չափազանց դժվար էր»,- լրագրողներին ասել է գործարարը:

Տղամարդը հայտնել է, որ գաղտնարանում գտնվող փողը, բանկից վարկով էր վերցրել: Նա պնդում է, որ որդուն «քննադատել» է, բայց չի պատժել. «Ի վերջո, նա շատ փոքր է հասկանալու համար»: