Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մրին Լը Պենը մտադիր է հրաժարվել Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալը նախատեսող ծրագրից: Այս մասին հայտնում է Daily Telegraph պարբերականը՝ վկայակոչելով «Ազգային ճակատի» գլխավոր տնտեսական ռազմավար Բերնար Մոնոյին:

«Ֆրէքսիթ (Frexit՝ Brexit-ի նմանությամբ – ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, իսկ տվյալ դեպքում՝ Ֆրանսիայի) չի լինի: Մենք ի գիտություն ենք ընդունել այն, ինչը մեզ ասել է ֆրանսիացի ժողովուրդը»,- պարբերականի հետ հարցազրույցում ասել է Մոնոն:

Նրա խոսքով՝ «Ազգային ճակատի» քաղաքականությունը կկենտրոնանա «ԵՄ պայմանգրերի վերանայման» ձգտման վրա, որպեսզի ֆրանսիացիները «սեփական բյուջեի եւ բանկային համակարգի կարգավորման ավելի մեծ վերահսկողություն» ստանան:

Լը Պենն ավելի վաղ հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում: Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է ընդդիմությանը համախմբել եւ ուժեղացնել իրավիճակի վատթարացման այն սպառնալիքին դեմ հանդիման, որոնց անխուսափելիորեն կհանգեցնեն այն միջոցառումները, որոնք մտադիր է կիրառել Էմանուել Մակրոնի կառավարությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան 2 փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին: