Սեուլում ընթանում է Հարավային Կորեայի նախկին նախագահ Փակ Կըն Հեի դատավարությունը: Նրան մեղադրում են պետական գաղտնի տեղեկությունը կողմնակի անձին հայտնելու, ծառայողական դիրքի չարաշահման, կոռուպցիայի, խոշոր ընկերություններից կաշառք շորթելու մեջ: Պետության նախկին ղեկավարին 10 տարվա ազատազրկում է սպառնում: Դատական առաջին նիստի ընթացքում Փակ Կըն Հեն ժխտել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Փակ Կըն Հեի հետ միասին դատարանի դահլիճ է բերվել նրա ընկերուհի Չհվե Սու Սիլը, որը եւ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նրան կասկածում են նախագահի հետ ընկերական կապերը չարաշահելու մեջ՝ հարավկորեական ընկերություններին բազմամիլիոնանոց նվիրատվություններ կատարելուն հարկադրելու նպատակով իբր հօգուտ բարեգործական կազմակերպությունների: Քննության վարկածով՝ այդ միջոցները Չհվեն կարող էր ծախսել անձնական հարստացման համար: Նա նաեւ մեղադրվում է կառավարության աշխատանքի վրա, պետության ղեկավարին առընթեր պաշտոնական պաշտոն չունենալով, ազդելու մեջ:
2017 թվականի մարտի 10-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ Փակ Կըն Հեն իշխանությունից հեռացվել է եւ ժամկետից վաղ փոխարինվել նախագահի պաշտոնում: Մարտի 31-ին նա կալանավորվել է: Դատավարությունը կարող է երկար ամիսներ տեւել: Փակ Կըն Հեն Հարավային Կորեայի երրորդ նախագահն է, որն ամբաստանյալի աթոռին է հայտնվում կոռուպցիայի մեղադրանքով:





























