ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված 6 մլն հրեաների հիշատակը եւ նվեր ստացել Ռիգայում սպանված աղջնակի ալբոմի կրկնօրինակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իսրայել այցի վերջին օրը ԱՄՆ առաջնորդը ժամանել է Երուսաղեմի «Յադ վա-Շեմ» համալիր՝ Հոլոքոստի ուսումնասիրման ամենախոշոր կենտրոն եւ դրա զոհերի հուշահամալիր։

Նախագահը հիշողությունների սրահում վառել է հավերժական կրակը եւ ծաղկեպսակ դրել նացիստական ճամբարներում զոհվածների հիշատակին։

«Յադ վա-Շեմ»-ի նախագահ Ավներ Շալեւը հյուրին նվիրել է ալբոմի կրկնօրինակ, որը պատկանել է Գերմանիայում բնակվող հրեա աղջնակին՝ Էսթեր Գոլդշթեյնին։

«Առաջին գրառումն արված է 1937 թվականին, երբ Էսթերը 11 տարեկան էր, իսկ վերջինը՝ 1942 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Էսթերի՝ Ռիգա արտաքսվելուց եւ սպանվելուց մեկ ամիս առաջ»,-հայտնել են «Յադ վա-Շեմ»-ում։