Վերջին զարգացումները ցույց են տվել, որ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է գնա խոշորացման: Այս մասին այսօր՝ մայիսի 23–ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Շարքային քաղաքացու համար գաղտնիք չէ, որ սրանք չընտրություններ էին, որտեղ թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ այն, ինչ եղավ: Զարգացումները ցուցանում են որպես պատգամ՝ թե կեղծված ընտրությունները, թե կեղծված հանրաքվեն, թե Ընտրական օրենսգիրքը, թե վերջին ընտրությունը, որ կուսակցությունը պետք է գնա խոշորացման, «Ժառանգությունն» այդ գիտակցումն ունի»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ «Ժառանգությունը» նախատեսում է հունիսի վերջին համագումար անել։
Նա նշել է նաեւ որ նախընտրական շրջանում ձեւավորած Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի առաջնորդներով հանդիպել են եւ քննարկել համագործակցության հարցը։ «Հանդիպումներ եղել են երկկողմ, եռակողմ, որոշման մասին խոսել ենք, իրենք պատրաստ են համագործակցության, ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակներում, այլ ավելի լայն ու խորը, ոչ խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ արտախորհրդարանականը միայնակ ի վիճակի չեն ներկայացել հայ ժողովրդի այլընտրանքը, որը բերելու է իշխանափոխության»,–ասել է «Ժառանգության» առաջնորդը:
Անդրադառնալով խորհրդարանական նոր ուժին՝ «Ելք»–ին՝ ասել է. «Լավ է, որ «Ելքը» մտել է խորհրդարան, ես էլ եղել եմ նրանց ջատագովներից մեկը, բայց պետք չէ մեծամտանալ, կարծել, թե «Ելք»-ն առաջինն է հայոց պատմության մեջ»։





























