Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցը պարզաբանում է ներկայացրել իրենց հիվանդանոցից Երեւան տեղափոխված եւ մայիսի 23-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2-ամյա երեխայի մահվան դեպքի վերաբերյալ:
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը հայտնել է հետեւյալը. «Մոր յոթերորդ երեխան է, ծնվել է հասուն, սնվել է կրծքով: Ըստ մոր տվյալների՝ երեխան 4-5 ամսեկանից հաճախակի հիվանդացել է վերին շնչուղիների հիվանդություններով՝ բրոնխիտով, բուժվել է ամբուլատոր: Այս տարվա հունվարի 28-ին երեխան առաջին անգամ ընդունվել է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունք՝ հազով, դժվարաշնչությամբ, ախտորոշվել է «երկկողմանի ստորբլթային թոքաբորբ, օբստրուկտիվ սինդրոմ»: Նշված դիագնոզը հաստատվել է նաեւ ռենտգեն հետազոտությամբ: Երեխայի մոտ աուսկուլտատիվ լսվել է կոպիտ սիստոլիկ աղմուկ, կատարվել է սրտաբանի կոնսուլտացիա, ենթադրվել է սրտի բնածին արատ, աորտայի կոարկտացիա: Ծնողին խորհուրդ է տրվել հետազոտման եւ հետագա բուժման նպատակով տանել Երեւանի «Արաբկիր» ԲԿ եւ «Նորք-Մարաշ» ԲԿ: Երեխան դուրս է գրվել լավացումով:
Մարտին երեխան բուժում է ստացել «Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ ախտորոշվել է «թոքաբորբ, օբստրուկտիվ սինդրոմ», սրտաբանի կողմից հաստատվել է սրտի բնածին արատը՝ աորտայի ստենոզ եւ երեխային ուղղորդել են «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն:
Մարտի 25-ին երեխան ընդունվել է երկրորդ անգամ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ «թոքաբորբ, օբստրուկտիվ սինդրոմ, սրտի բնածին արատ, աորտայի ստենոզ»: Մարտի 27-ին վիճակը լավացել է եւ հետագա բուժումը շարունակելու համար տեղափոխվել է մանկական բաժանմունք, սակայն մայրը հրաժարվել է ստացիոնար բուժումից եւ երեխային տարել է տուն:
Ապրիլի 30-ին երեխան երրորդ անգամ ընդունվել է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց մանկական բաժանմունք դժվարաշնչությամբ, ախտորոշվել է «սուր ստորբլթային թոքաբորբ, օբստրուկտիվ սինդրոմ, սրտի բնածին արատ, աորտայի ստենոզ, անեմիա»: Թոքաբորբը հաստատվել է ռենտգենաբանորեն, բուժման ֆոնի վրա երեխայի մոտ դիտվել է վիճակի լավացում, սակայն մայիսի 11-ին երեխայի վիճակը վատացել է, հրավիրվել է ռեանիմատոլոգի կոնսուլտացիա: Արդյունքում երեխայի վիճակի վատացումը կապվել է նրա հիմնական հիվանդության՝ սրտի բնածին արատի հետ եւ անհրաժեշտություն է առաջացել երեխային տեղափոխել Երեւան:
Հրավիրվել է շտապ օգնություն եւ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Արաբկիր ԲԿ»:
Նշենք, որ երեխայի ծնողները ոստիկանություն են դիմել՝ երեխայի մահվան համար մեղադրելով բժիշկներին, որոնք, նրանց կարծիքով, անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ցուցաբերել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն է կատարվում:





























