Անկախ երկրների համագործակցության անդամ երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները՝ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո ամփոփել են «Դուշանբե. Հակաահաբեկչություն 2017» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների առաջին փուլը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հաղորդել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը։

Զորավարժությունների առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-26-ին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքներում։

«Զորավարժությունների առաջին փուլն ավարտվեց։ Այն տեղի է ունեցել մայիսի 23-26-ը։ Վեց պետությունների օպերատիվ ծառայություններ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի, համաձայնեցված գործողություններ են մշակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նկատմամբ, ավելի կոնկրետ՝ վիրտուալ հավաքագրողների եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործակալների , որոնք գտնվում են մեր երկրներում եւ գրոհայինների հավաքագրմամբ զբաղվում»,- ասել է Նովիկովը։

Նա նշել է, որ «հենց այսօր մեկնարկում է զորավարժությունների երկրորդ փուլը, որի հատուկ մասը կանցնի Տաջիկստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարությամբ»։