Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի համար մեղադրողը 15 տարի է պահանջել: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաննեի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը ներկայացրել է մեղադրական ճառը եւ նշել, որ քրեական գործով առկա բոլոր փաստերն ապացուցում են Նարեկ Խաչատրյանի մեղավորությունը: NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Նարեկ Խաչատրյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ այն ինչ մեղադրողը ներկայացրել է որպես ապացույց, քրեական գործի ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում հիմնավորված չեն եղել:

«Ամեն դեպքում, ներկայացվեց, որ մարդիկ ցուցմունքներ են տվել, որով որպես պատվիրատուի Նարեկին ճանաչել են, սակայն, կարող եմ ասել, որ 2006թ. մինչեւ այս պահը նման ցուցմունքներ գործում չկան»,-ասաց նա:

Նշենք, որ հաջորդ դատական նիստին պաշտպանական կողմը պաշտպանական ճառով հանդես կգա: Այն տեղի կունենա հունիսի 6-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝  մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանը, սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով: Նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:

Գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդին է, որն ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրել է Արսեն Առուշանյանին, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Արսեն Առուշանյանը Նարեկ Խաչատրյանի գործով վկայի կարգավիճակում է: