Մայիսի 26-29-ը Թբիլիսում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում փոքրիկ բախումներ են եղել Ադրբեջանի պատվիրակների հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով, մեր գնալու հիմնական նպատակը դա չէր, որ ինչ-որ բան ասեն, մենք արձագանքենք. «Մենք մեր պետության շահերն առաջ մղելու համար էինք մասնակցում»:
Մասնավորապես, բնապահպանական թեմայով զեկույցի քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, թե ԼՂՀ «օկուպացված» տարածքներում բնապահպանական աղետ է, Ջեբրաիլի անտառներն այրվում են, ինչին Էդմոն մարուքյանն արձագանքել է, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը. չկան ո՛չ օկուպացված, ո՛չ այրվող անտառներ:
Մարուքյանը նշեց, որ վեհաժողովի ընթացքում զեկույց էր ներկայացվում Վրաստանի հաշտության եւ քաղաքացիական հավասարության նախարարի կողմից, ով խոսում էր Վրաստանի օկուպացված տարածքների մասին, բայց նաև ընդհանրական եզրահանգումներ արեց, որ Արևելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում կա Ռուսաստանի մասնակցությունը, ռուսական զորքերի մասնակցությունը:
«Ես խոսք վերցրեցի, Վրաստանի ներկայացուցչին հորդորեցի, որ բոլոր կոնֆլիկտների ընդհանրացումը չի նպաստում կոնֆլիկտների կարգավորմանը: Եվ նշեցի, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է Արևելյան գործընկերության անդամ պետությունների բոլոր մյուս կոնֆլիկտներից, լինի Աբխազիան, լինի Հարավային Օսեթիան, լինի Մերձդնեստրը, թե Ղրիմը: Տարբերվում թե պատմական իրողություններով, թե այսօրվա իրավիճակով, հատուկ ընդգծեցի, որ դա միակ չկարգավորված հակամարտությունն է, որտեղ չկա ՌԴ զորքերի մասնակցությունը, այսինքն՝ այդտեղ զորք չկա տեղակայված»,- ասաց նա:
Նաեւ նշեցի, որ ես երբեք Վրաստանը չէի համեմատի Ադրբեջանի հետ, որովհետեւ Վրաստանը երբեք չի հարձակվում Աբխազիայի վրա ամբողջ երկայնքով, զինվորներին չի գլխատում, մարմիններն էլ խոշտանգում: Իմ խոսքը շոկ առաջացրեց դահլիճում»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ զեկույցը ներկայացնողը դրանից հետո մեղմացրեց իր խոսքը նշելով, որ նկատի ունի, որ ընդհանուր ռուսական դերակատարում կա բոլոր հակամարտություններում:





























