Արմավիրի մարզում անցած տարվա դեկտեմբերի 16-ին սերբ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նախաքննությունն ավարտվեց եւ գործն ուղարկվեց դատարան:
Նախաքննությամբ պարզվել է, որ սերբ վարորդ Լյուբիշա Ստանիսավլիեւիչը կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս գալով հանդիպակաց ուղեմաս՝ բախվել է այդ ուղեմասով երթևեկող, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ Սիմոն Խաչատրյանի վարած ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Սիմոն Խաչատրյանն ու իր կինը մահացել են:
Դեպքից անմիջապես հետո կալանավորված սերբ վարորդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Սերբ վարորդին տրամադրվել է հանրային պաշտպան: Այս պահին դեռեւս հայտնի չէ՝ արդյոք վարորդն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ:
Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 16-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար եւ երեք այլ մարդատար մեքենաներիը:
Բախման հետևանքով մեքենաներից մեկը շպրտվել և հայտնվել է դաշտամիջով անցնող առվակի մեջ: Փրկարարներն այնտեղից դուրս են բերել վարորդին` 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, որոնք տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել է, իսկ Ս. Խաչատրյանը 5 օր անց հիվանդանոցում մահացել է: Նրանք ամուսիններ էին:





























