2018 թվականից հետո սպասվող փոփոխությունները վերաբերում են միայն գործադիր մարմնին՝ կառավարությանը, այն չի վերաբերում խորհրդարանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատագամավոր Սամվել Նիկոյանը:
Նա համամիտ չէ այն մեկնաբանությունների հետ, որ Արա Բաբլոյանը մինչեւ 2018 թվականն է պաշտոնավարելու:
Նշենք, որ օրեր առաջ NEWS.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել էր, թե եթե իրեն արդարացնի, ապա կարող է շարունակել նաեւ 2018 թվականից հետո: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ Աժ նախագահն, օրինակ, ինչ պետք է անի, որ իրեն արդարացնի, Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում արդարացում բառը մեկնաբանել, կասեմ՝ հակառակը, յուրաքանչյուր օր Արա Բաբլոյանը շատ ավելի լավ է իր ֆունկցիաները կատարում՝ որպես ԱԺ նախագահ, յուրաքանչյուր ժամ այդ տարբերությունը զգացվում է: Պառլամենտական համակարգում իր կենսափորձն ու իր ինտելեկտը բավարար են խորհրդարանը ղեկավարելու համար: Բաբլոյանը համեստություն է արել, որ 2018-ի հետ կապված խնդիր է տեսնում, 2018-ը վերաբերում է կառավարությանը, ոչ թե ԱԺ-ին, մի ակնկալեք Ազգային ժողովում փոփոխություններ»,-մանրամասնեց Սամվել Նիկոյանը:
Նշենք, որ 2018 թվականի ապրիլին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, որից հետո Հայաստանն անցնցում է լիարժեք խորհրդարանական կառավարման: Ձեւավորվում է նոր կառավարություն: Ըստ մեկնաբանությունների՝ փոփոխություններ են սպասվում նաեւ խորհրդարանի ղեկավար կազմում, հնարավոր է՝ Բաբլոյանը եւս հրաժեշտ տա ԱԺ նախագահի պաշտոնին:





























