Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների ֆորումը կառավարությունից պահանջում է դադարեցնել երկրի համար կարեւոր ընկերությունների մասնավորեցումը։ Հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի հիվանդանոցներում իրավիճակը խայտառակ է։
«Երկրի հիվանդանոցներում մեծ հերթեր են, իսկ վիրահատության գները՝ անհավանական բարձր։ Մենք կարծում ենք, որ ոչ թե մասնավորեցում է անհրաժեշտ, այլ հակառակը, պետք է պահպանել պետական հատվածը, յուրաքանչյուր տարի համապատասխան եկամուտ ստանալ, քանի որ այդ բոլոր հաստատությունները եկամտաբեր են։ Պետական հաստատութուններին նորմալ աշխատավարձեր սահմանեք, եւ նրանք իրենց պարտականությունները պատշաճ կերպով կկատարեն»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։ Նա հավելեց, որ մասնավորեցման ցանկից անհրաժեշտ է հանել բոլոր բժշկական ու գիտական կառույցները։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը։ Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություններ, որոնցից 23-ը՝ ըստ մասնավորեցման նախնական ծրագրի։ Նշված ընկերությունների շարքում են Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, «Հրազդան» մարզադաշտը, «Ավտոկայանը», Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնը եւ այլն։ Ընկերությունների վաճառքից պետությունը նախատեսում է 35-36 մլրդ դրամի եկամուտ ստանալ։




























