ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել: Դա Խորվաթիայում ամերիկյան առաքելության նախկին ղեկավար, դեսպան Ռոբերտ Բրադկեն է։
«Ռոբերտ Բրադկեն ստանձնում է այս պաշտոնը՝ արտաքին քաղաքականության ոլորտում ավելի քան 36 տարվա աշխատանքից եւ եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում ակտիվ փորձառությունից հետո»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ այսօր տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ Ռոբերտ Բրադկեն այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը, Եվրոպական եւ Եվրասիական հարցերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ հարցերով պատասխանատուն։
«ԱՄՆ-ը հասկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային կարեւորությունը, եւ ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին դրական երկխոսությունը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկու նախագահներին մատնանշել է իր խորը հետաքրքրվածությունը Մինսկի խմբի հետագա ջանքերում՝ հակամարտությունը արդյունավետ հանգրվանի բերելու վերաբերյալ։ Եւ Բարակ Օբամայի վարչակազմը պատրաստակամ է անել ամեն հնարավորը՝ այդ նպատակին աջակցելու համար»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում։
«Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին դեսպան Բրադկեի նշանակման մասին»,-հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը եւ նշում, որ ամերիկացի նոր համանախագահը անհամբեր սպասում է իր առաջին այցին տարածաշրջան, որ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Բրադկեն այս պաշտոնում փոխարինում է ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզային, ով, ըստ հավաստի լուրերի, ստանձնելու է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։




























