ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է օդային տրանսպորտի կառավարման ազգային համակարգի սեփականաշնորհման մտադրության մասին։ Այդ հայտարարությունն արվել է այս շաբաթ ծրագրված միջոցառումների շարքի շրջանակում, որոնք նվիրված են ենթակառուցվածքի զարգացմանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ նախագահը շեշտել է, որ իր ներկա տեսքով երկրի օդային տրանսպորտի կառավարման համակարգը չի հաղթահարում մշտապես աճող խնդիրները ու լուրջ վերափոխումների կարիք ունի ։ «Այսօր մենք անում ենք առաջին կարեւոր քայլն այդ ուղղությամբ»,- ասել է Թրամփը։

ՀԻշեցնենք, որ հիմա օդային տրանսպորտի կառավարումը իրականացնում է Քաղավիացիայի դաշնային վարչությունը։ Տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Հերի Քոնի խոսքով, այդ համակարգի սեփականաշնորհումը կօգնի կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակն ու վառելիքի ծախսերը։