Լոնդոնի կամուրջի վրա ահաբեկչության կազմակերպիչներից մեկին Բրիտանական ոստիկանությունը ճանաչում էր, հայտնում է ABC News-ը։
Խոսքը ծագումով պակիստանցի 27-ամյա Խուրամ Շազադե Բաթի մասին է, որը Բրիտանիայի քաղաքացի էր։ Երկրորդ ահաբեկչի՝ Ռաշիդ Ռեդուանի մասին ոստիկանությունը մինչ այդ ոչինչ չգիտեր, երրորդի անձը դեռ չեն պարզել։ Ահաբեկչությունից հետո ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել՝ 7 կնոջ ու 5 տղամարդու, երկուսը՝ մի կին ու մի տղամարդ, ազատ են արձակվել, մնացածը դեռ ձերբակալված են։
Խուրամ Բաթը «երեւացել է» բրիտանական Չորրորդ ալիքի «Հարեւան ջիհադականը» վավերագրական ֆիլմում։ Նա եղել է «Ալ- Մոխաջիրոն» փոքր խմբի անդամ, որը գտնվում էր իշխանությունների հսկողության տակ, քանի որ քարոզում էր շարիաթի օրենքները։
Տեսարաններից մեկում Բաթն ու նրա համակիրները աղոթում են սեւ դրոշի առաջ։ Նրանց մոտ կոնֆլիկտ է սկսվում ոստիկանության հետ, նրանց ձերբակալում են, բայց մեկ ժամից ազատ են արձակում առանց մեղադրանք առաջադրելու։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել 48 մարդ։





























