Չի բացառվում, որ Գյումրի ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության օրինակով, Վանաձորում նույնպես կուսակցության խմբակցությունը դադարեցնի բոյկոտը եւ սկսի մասնակցել ավագանու նիստերին:
«Այդ որոշումը թողնվել է տարածքային կառույցին, ինչպես իրենք կորոշեն՝ այնպես կլինի: Սեպտեմբերին նիստ է լինելու, որի ժամանակ էլ ամեն ինչ կորոշվի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը:
Այս խնդրի առնչությամբ, Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում իրավիճակն այլ է, Վանաձորում՝ այլ. «Այստեղ այլ պատճառով է բոյկոտը եւ մինչ այս պահը «Հայկական վերածնունդի» կողմից որեւէ նման բան չենք լսել, որ ցանկանան դադարեցնել բոյկոտը: Նրանք Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ էլ առարկություն չեն ներկայացրել»:
Նշենք, որ հունիսի 5-ին տեղի է ունեցել Գյումրիի ավագանու այս նստաշրջանի վերջին նիստը, որին առաջին անգամ մասնակցել են «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամները, որոնք մինչ այդ բոյկոտում էին նիստերը:
Վանաձորի ավագանու ընտրություններից հետո եւս «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» համագործակցության հուշագիր էին ստորագրել միասնական քաղաքապետի թեկնածու ներկայացրել Քրիստ Մարուքյանին, երբ քաղաքապետ դարձավ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, միավորված եռյակը որոշեց բոյկոտել նիստերը՝ Մամիկոն Ասլանյանին համարելով ոչ լեգիտիմ քաղաքապետ:
Հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո Վանաձորի ավագանին դեռ լիարժեք նիստեր չի գումարել: Իսկ համագործակցության հուշագիր ստորագրած ուժերը պատրաստվում են առաջիկայում քաղաքապետի գործունեության օրինականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում:





























