Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին այսօր` հունիսի 6-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեցին կացնահարված Մանսուրյաններին առաջին օգնությունը ցուցաբերած հարեւանները:

Նրանց հարեւանուհի Լիլիթ Հարությունյանը նշեց, որ 2016թ. հուլիսի 8-ի գիշերն ամուսնու հետ քնած է եղել, երբ ձայներից արթնացել է, ամուսինը շտապել է դուրս, ինքն էլ նրա հետեւից: Նրա խոսքով, դուռը բացել է եւ գետնին ընկած, արյան մեջ տեսել հարեւանուհուն` Կարինե Մանսուրյանին, մի քիչ հեռու Թագուհուն:

«Տեսա, որ օգնություն չեմ կարող ցույց տալ, երեխուն մեր տուն տարա, ղժժում էր: Միշտ իրենց տանը կռիվներ էին լինում, գիտեմ, որ երեխու տեսակցության պատճառով: Վլադիկն ասում էր` չեն թողնում, որ  երեխուն տեսնի: Ինքը որ գալիս էր, սկսում էր գոռալ` երեխուս ուզում եմ տեսնել, իրիկունն էլ է եղել, ցերեկն էլ է եղել, որ եկել է երեխուն տեսնի, սկզբից թույլ տալիս էին , հետո արդեն` ոչ»,-պատմեց վկան:

Լիլիթ Հարությունյանի ամուսինը` Սարգիս Գրիգոյանն էլ պատմեց, որ հենց ինքն է Վլադիկ Մարտիրոսյանին բռնել եւ թույլ չի տվել, որ հարվածի Մանսուրյաններին:

«Դուռը բացեցի, տեսա, որ Կարինեն պառկած էր, Թագուհին հենված դռանը, Վաչագանն էլ գնում էր իրենց տուն, էդ ընթացքում, Վլադը հետեւից խփում էր Վաչագանին` ինչ-որ առարկայով: Հետո, որ լուսավորեցինք, տեսա, որ տապոռ էր:  Ես չթողեցի, բռնեցի Վլադին, գրկեցի, որ իջեցնեմ ներքեւ` ձեռքից ինչ-որ առարկա ընկավ, պարզվեց տապոռ` էր»,-ասաց նա:

Դատարանում հրապարակվեց Սարգիս Գրիգորյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա ասել էր, որ երբ Վլադիկ Մարտիրոսյանին բռնել է, որպեսզի չհարվածի Մանսուրյաններին, Վլադիկ Մարտիրոսյանն ասել է` թող, սրանց սաղին մորթելու եմ:

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: