Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 6-ին, ցուցմունք տվեց դեպքի օրը ծառայության մեջ գտնվող ոստիկան  Դավիթ Մանյանը: Նա նշեց, որ Մանսուրյանները ոստիկանությունում հաշվառված են եղել որպես անհաշտ ընտանիք, նրա խոսքով, նրանց տանն անընդհատ վիճաբանություններ են եղել եւ հաճախ են ահազանգով գնացել այդ հասցե: Նրա խոսքով, գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը եւս բազմիցս հայտնվել է ոստիկանությունում` երեխայի տեսակցության շուրջ առաջացած վիճաբանությունների հետեւանքով: Ոստիկանը պատմեց, որ դեպքի նախորդ օրը կրկին միջադեպ է եղել Մանսուրյանների եւ Վլադիկ Մարտիրոսյանի միջեւ եւ նրանք գնացել են այդ հասցե.

«Գնացինք տվյալ հասցե, Վլադիկն ասաց, որ իրեն  ծեծել են: Ասում է` մեջքիս խփել են, վատ եմ զգում, շտապօգնություն կանչենք: Հարցնում ենք` տեղյակ ես, որ Մանսուրյաններն էլ ասում են, որ դու ես խփել իրենց, ասում է` չէ, ես չեմ եղել, չեմ խփել: Թագուհին եւ մայրը մեզ հետ եկան ոստիկանություն ցուցմունք  տալու, Վլադիկն էլ ասաց` դուք գնացեք, ես բուժօգնություն ստանամ, կգամ: Դեպքից մի քանի ժամ էր անցել, երբ Թագուհուն եւ նրա մորն ուղեկցել էինք տուն եւ վերադարձել աշխատանքի, մեզ ասացին` շտապ մոտենանք նշված հասցե, գնացինք, տեսանք Վլադիկը մեքենայի մեջ է: Հետո հարցրինք` ինչ է եղել, ասաց, որ  խփել է զոքանչին, բարձրացանք ամբողջ մուտքն արյուն էր: Վլադիկի աներոջն եմ տեսել արյունոտ վիճակում, կինը շատ վատ վիճակում էր: Կացինը չեմ տեսել անձամբ, որովհետեւ վախենում էի, էդ ամենը տեսնելուց, սրտիս չէր նստել մի տեսակ»,-պատմեց ոստիկանը:

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջ, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: