«Գազպրոմի» վաչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը անբնական է համարել այն իրավիճակը, որում կառուցված խողովակը չի լցվելու:
«Ինտերֆաքս-Ադրբեջանը» հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում «Գազպրոմի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Անդրադրիատիկ գազատարը (TAP) կարող է չբեռնված մնալ: «Իրավիճակը, որում կառուցված խողովակը չլցված է մնալու՝ անբնական է: Poseidon նախագիծն իրականացնելիս տեսականորեն հնարավոր կլիներ օգտագործել TAP գազատարի հզորությունները: Բայց մենք այս հարցում ոչ մի դեպքում չենք պատրաստվում խնդրատուի դերում լինել: Այս հարցում պետք է TAP գազատարի սեփականատերերի գլուխը ցավի»,- ասել է Ա. Մեդվեդեւը: Նրա խոսքով՝ ընթացիկ իրավիճակում Ադրբեջանը հանքաշերտ գազ ներմղելու աճող պահանջ ունի՝ հիմնական հանքավայրերում նավթի արդյունահանմանն աջակցելու համար: Սա կատակ բան չի, սա ընտրության հարց չի, սա անհրաժեշտության հարց է, հիշեցրել է Ա. Մեդվեդեւը:
«Մենք սա արդեն անցել ենք ուրիշ երկրներում ուրիշ նախագծերի դեպքում: Սա ադրբեջանական կողմի ընտրության հարցն է: Եվ եթե այս իրավիճակում TAP-ի հզորությունները դատարկ մնան, սա դարձյալ TAP-ի մասնակիցների ընտրությունն է՝ դրանք դատակ պահել կամ փորձել ինչ-որ փոխըմբռնում գտնել: Օրինակ՝ մեզ հետ: Տեսությունը տեսություն է, իսկ պրակտիկան՝ պրակտիկա: Մենք բաց ենք Եվրոպայում բիզնեսի զարգացման ցանկացած տարբերակի համար եւ կարծում ենք, որ համագործակցությունը կատարյալ կլիներ: Բայց մենք չենք պատրաստվում որեւէ մեկին ստիպել»,- եզրափակել է նա:
Կոնցեռնը Սեւ ծովով «Թուրքական հոսք» գազատար է կառուցում, որի ցամաքային շարունակությունը կարող էին լինել Poseidon կամ TAP խողովակատար նախագծերը: TAP AG-ի համասեփականատերերն են SOCAR-ը, BP-ն, Snam-ը, Fluxys-ը, Enagas-ը եւ Axpo-ն: Snam-ի եւ Fluxys-ի ղեկավարության հետ «Գազպրոմը» բանակցություններ է վարել Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում:





























