Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է զրպարտության եւ ստի մեջ: Ըստ որում՝ նա հրաժարվել է իր կարծիքը հայտնել այն մասին, թե կարելի է արդարադատության խոչընդոտ համարել Թրամփի խնդրանքը իր նախկին խորհրդական Մայք Ֆլինի դեմ քննությունը դադարեցնելու մասին, փոխանցում է Reuters-ը:
Սենատորների հարցերին պատասխանելիս նա նշել է, որ զարմացած էր իր (Քոմիի) պաշտոնանկության վերաբերյալ Թրամփի պարզաբանումներից: «Չնայած օրենքի համաձայն ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնանկության համար պատճառներ չեն պահանջվում, սակայն վարչակազմն ինձ զրպարտել է եւ, որն ավելի կարեւոր է, ՀԴԲ-ին է զրպարտել՝ պնդելով, որ գերատեսչությունում անկարգություն է տիրում, եւ որ աշխատակիցները չեն վստահում իրենց ղեկավարին»,- ասել է Քոմին: «Այս ամենը սուտ է, սովորական սուտ, եւ ես ցավում եմ, որ ՀԴԲ-ի աշխատակիցները եւ ամերիկյան ժողովուրդը սա լսել են»,- նշել է նա:





























