ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մարկ Կասովիցը հերքել է ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հայտարարությունները։ Մասնավորապես Կասովիցը հայտնել է, որ Թրամփը Քոմիին չի խնդրել հավատարմության մասին, նաեւ չի խնդրել դադարեցնել հետաքննությունը նախկին խորհրդական Մայք Ֆլինի նկատմամբ։
«Նախագահը երբեք չի առաջարկել կամ որեւէ ձեւով ուղղորդել դադարեցնել հետաքննությունը»,- նշված է Կասովիցի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քոմին հայտնել էր, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ վերջինը հայտնել էր, որ իրեն պետք է «անձնական նվիրվածություն»։ Քոմիի խոսքով, նախագահը անուղղակիորեն ակնարկել էր, որ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը պետք է դադարեցվի։ Սակայն Քոմին նշել էր, որ նախագահը ուղիղ ցուցումներ այդ հարցով չի տվել։ Այդուհանդերձ Քոմին ընդունել էր, որ ինքը նախագահի ասածը ընկալել էր որպես կարգադրություն ու զարմացել ու տարակուսել էր դրանից։





























