ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԱՄՀ եւ ՀԲ Բելգիայի եւ Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցներին:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին, ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին եւ հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:
Արթուր Ջավադյանը նշել է, որ արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ: Նա շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով եւ հանրային, եւ մասնավոր հատվածներին, ինչպես նաեւ բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ եւ ՀԲ ցուցաբերած աջակցությունը:
ԿԲ նախագահը նշել է, որ ԱՄՀ եւ ՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել եւ մնում են ընթացիկ նախագծերի քննարկման եւ նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:
Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:
Ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում:





























