ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր՝ հունիսի 16-ին, զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Մանուկյանը նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային գծերի կառուցման ծրագրերի ընթացքի մասին։
Հանրապետության նախագահը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները, անել ամեն հնարավորը նախատեսված ծրագրերը սահմանված ժամկետում ավարտելու համար՝ ընդգծելով, որ դրանք կարեւոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության եւ հուսալիության, այնպես էլ տարածաշրջանային ծրագրերում մեր երկրի ներգրավվածության ապահովման գործում։
Այս համատեքստում նախարար Մանուկյանը զեկուցել է բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ենթակայանների նորոգման եւ արդիականացման լայնամասշտաբ ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքները։
Նախարարն անդրադարձել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրին, ներկայացրել կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Կարեւորելով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը՝ նախագահը հանձնարարել է այն պահել մշտական հսկողության տակ, պատշաճ ուշադրություն հատկացնել կայանի անվտանգության բարձրացման միջոցառումների որակին։































