Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների հատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուբեն Մարտինես Ուելմոն հայտարարել է, որ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայում այսուհետ գործելու է Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խումբը: Նա ավելացրել է, որ խմբի առջեւ դրված առաջին խնդիրներից է լինելու ակտիվորեն մասնակցել 2011թ. գարնանը ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Մոնտեվիդեո կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Այնուհետեւ Ռուբեն Մարտինես Ուելմոն /«Լայն Ճակատ» խմբակցություն/, ով նաեւ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է, ներկայացրել է խմբում ընդգրկված այլ սենատորների ու պատգամավորների անունները:
Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ դեսպանին է հանձնել խմբի ստեղծման մասին որոշումն ու անդամների ցանկը եւ խնդրել այն փոխանցել ՀՀ Ազգային Ժողով:
Դեսպան Կարմիրշալյանն իր հերթին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովում Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ստեղծման մասին ու Մարտինես Ուելմոյին փոխանցել խմբի անդամների ցանկը:
Այնուհետեւ ելույթներ են ունեցել բարեկամական խմբի անդամներ Խայմե Տրոբոն, Սուսաննա Պերեյրան, Իվան Պոսադան, նիստին հրավիրված ուրուգվահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:





























