Նոյեմբերի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) ԱԳ նախարարների Սալոնիկում կայացած հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ փոխնախարար Սպիրոս Կուվելիսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը: Փոխնախարար Մանասարյանը կարեւորել է նոր համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը` հատկապես ՀՀ նախագահի Հունաստան կատարվելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Նա ներկայացնելով ՀՀ Կառավարության մոտեցումները ԵՄ-ի եւ մասնավորապես, Հունաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ, հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստակամ է հունական կապիտալի համար տարաբնույթ ներդրումային ծրագրերի հնարավորություններ ստեղծելու հարցում:

Իր հերթին հունական կողմը, համաձայնելով երկկողմ տնտեսական համագործակցությունը կոնկրետ ու հատուկ ոլորտներին ուղղելու գաղափարին, առաջարկել է խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները: Փոխնախարար Կուվելիսը նշել է, որ Հունաստանի կառավարությունը դիտարկում է տնտեսական հարցերով հայ-հունական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը 2011թ. կազմակերպելու հարցը, ինչպես նաեւ հնարավոր է համարել դրա շրջանակներում հույն գործարարների պատվիրակության այցը Հայաստան`հայ գործընկերների հետ նպատակաուղղված համատեղ ծրագրեր քննարկելու նպատակով: Հունական կողմը նաեւ առաջարկել է դիտարկել համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում երկկողմ համագործակցության մասին հուշագիր կամ հռչակագիր ստորագրելու հնարավորությունը: Հունաստանի ԱԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ Հունաստանն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ համագործակցության զարգացման գործընթացներում:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվել է երկկողմ փոխանակումների եւ տնտեսական արտոնյալ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ ՍԾՏՀ-ի` որպես տարածաշրջանային համագործակցության օղակի օգտագործման հնարավորությունները: