Չնայած հետճգնաժամային խնդիրներին, որոնք կան, եւ´ Ռուսաստանում, եւ´ Հայաստանում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում աճել է 12 տոկոսով: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող  հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջեւ հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Նրա խոսքով, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր:

«Ես անչափ կարեւորում եմ նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ այն գործառույթները, որ նրանք իրականացնում են:
Հույս ունեմ, որ աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ անմիջական կապերը հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն վերահսկել նախագահների հանձնարարությունները եւ բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

«Հավատացեք, Ռուսաստանը նույնպես մեծ նշանակություն է տալիս  Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: Համաձայն եմ, որ տարբեր ուղղություններով մեր երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված հանձնարարականների հստակ վերահսկումը կրկնակի արդյունք կունենա, առավել եւս, որ  Դուք Ռուսաստանի նախագահի հետ նախանշել եք շատ լայն, բոլոր ուղղություններն ընդգրկող` եւ´ տնտեսական, եւ´ հումանիտար, եւ´ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցություն: Այդ հանձնարարականները պետք է կատարել»,-ասել է Սերգեյ Նարիշկինը: